«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամ

«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը «Արտիսիմո»-ի գլխավոր դոնորն է, ում հետ համագործակցությունը սկսվել է 2018 թվականին և շարունակվում է մինչ օրս։ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական կազմակերպությունը մարդասիրական և զարգացման ծրագրեր է իրականացնում հանրապետությունում 1994թ-ից: Հայաստանում ԱՄՔՈՐ-ի առաքելությունն է՝ աջակցել աղքատության վերացմանը և սոցիալ տնտեսական զարգացմանը։ Կազմակերպության մշտական ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթական, հակաթրաֆիքինգի, աղետների, ռիսկերի նվազեցման, և այլ ոլորտներ, որոնց բարելավմանն ուղղված ծրագրերն ընդգրկում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: Հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականից մեկնարկեց «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը՝ միտված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների ինտեգրմանը hասարակության մեջ: Ծրագրի գլխավոր նպատակին հասնելու համար իրականացվել են մի շարք գործողություններ՝ «Արվեստանոցներ» արվեստի տարբեր գործիչների հետ, շտկող դաստիարակչական դասընթացներ, սեմինար-հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես նաև այլ կրթական կառույցների երեխաների մասնակցությամբ միջոցառումներ: «ԱՄՔՈՐ Հայաստան»-ը առաջինն էր, ով վստահեց մեզ և համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք սպասարկել երկու մարզ՝ Մարտունու և Եղեգնաձորի տարածաշրջանները։ Այս տարիների ընթացքում մեր շահառուների թիվը խնամքի հատուկ կարիք ունեցող 12 երեխաներից հասել է 350-ի: Այժմ կենտրոնն ունի շուրջ 21 աշխատակից և հագեցած է վերականգնողական բուժընթացքն իրականացնելու համար անհրաժեշտ բարձրակարգ սարքավորումներով։