Լոգոպեդիա

Լոգոպեդը զբաղվում է խոսքային խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ ու հաղթահարմամբ։ 

Ֆիզիոթերապիա

Ֆիզիկական վարժությունների և բնական գործոնների համակարգված կիրառումը օգնում է վերականգնել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ֆիզիկական վիճակը և ֆունկցիոնալությունը: Այն բժշկական վերականգնման անբաժանելի մասն է և օգտագործվում է վերականգնողական բուժման բոլոր փուլերում։

Զգայական ինտեգրմում

Զգայական ինտեգրման թերապիան ներառում է մի շարք վարժություններ, որոնց ժամանակ երեխայի նյարդային համակարգը բոլոր զգայարանների միջոցով ինֆորմացիա է ստանում արտաքին աշխարհից, այնուհետև ընկալում, մշակում և պահպանում է դրանք՝ կիրառելով նպատակաուղղված գործունեության մեջ:

Հոգեխնամք

«Հոգեխնամք» խմբային թերապիա հասկացությունը ներառում է մեծ թվով տարբեր միջամտություններ, որոնք կարող են կենտրոնանալ հատուկ խնդիրների կառավարման, վարքային և ճանաչողական հմտությունների ձեռքբերման կամ բուն խմբի փորձի սոցիալական օգուտների վրա:

Ձիաբուժություն

Քայլքի ժամանակ ձին կատարում է 110 տեսակի տարբեր ուղղության տատանողական շարժումներ, որոնք հաղորդվում են ձիավորին։ Ճիշտ կեցվածքը պահպանելու համար ներգործվում է հավասարակշռությունը և կոորդինացվում են շարժումները։ Մանկական ուղեղային կաթվածով հիվանդների մոտ հենց սրա շնորհիվ սկսում են աշխատել այն մկանները, որոնք առօրյա կյանքում անգործության են մատնված։ 

Հեքիաթաթերապիա

Հեքիաթաթերապիան արտթերապիայի ուղղություններից մեկն է, որն աշխատում է անգիտակցական և ենթագիտակցական մակարդակում գտնվող խորհրդանիշների միջոցով։ Այսինքն՝ հեքիաթի հերոսները, կենդանիները, ծառերը և բնության այլ երևույթներ խորհրդանիշներ են, որոնց հետ անձը անցնում է ճանապարհ` վերջիններիս իրեն նմանեցնելով կամ նմանակելով: Այս դեպքում անձն ավելի հեշտությամբ է կարողանում խոսել, արտահայտվել։

Հոգեբանական աջակցություն

Հոգեբանական աջակցությունը մասնագիտական օգնություն է, որը տրամադրվում է անձին, ընտանիքին կամ սոցիալական խմբին՝ իրենց հոգեբանական խնդիրների լուծման, սոցիալական հարմարվողականության, ինքնազարգացման և բարդ հոգեբանական վիճակի հաղթահարման գործում:

Ավազաթերապիա

Ավազի հետ խաղը երեխային հնարավորություն է տալիս լիցքաթափվել հուզական բոլոր դրսևորումներից, կապ հաստատել սեփական անձի և արտաքին աշխարհի միջև: Ավազաթերապիան նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը, գլխուղեղի կեղևի աշխատանքի ակտիվացմանը. այն միաժամանակ երեխային ստեղծագործ է դարձնում:

Կանիսթերապիա

Կանիսթերապիան շփումն է շների հետ:

Թերապիան ունի էմոցիոնալ և հոգեբանական ազդեցություն, օգնում է հաղթահարել վախերը, զարգացնում է շփման հմտություններ: Սովորեցնելով երեխաներին համագործակցել, խնամել և սիրել կենդանիներին` կանիսթերապիան նպաստում է նաև երեխայի ինքնավստահության և ինքնուրույնության դրսևորմանը։

Ջրային թերապիա

Ջրային թերապիան ֆիզիոթերապևտիկ բուժման տեսակ է, որն իրականացվում է ջրի մեջ։ Ջրային թերապիան հնարավորություն է տալիս ջրային միջավայրում զարգացնելու տարբեր կարողություններ։ Ջրում երեխաները հնարավորություն ունեն սովորելու կառավարել սեփական մարմինը:

Արտթերապիա

Արտթերապիան հոգեթերապիայի ուղղություններից է՝ հիմնված արվեստի ճյուղերի վրա։ Հիմնական նպատակն է արվեստի և մշակույթի միջոցով հասնել ներդաշնակության։ Արվեստի արդյունավետ օգտագործումը հիմնված է այն բանի վրա, որ այս մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրելու զգացմունքները և դրանք արտահայտելու սիմվոլների տեսքով: 

Երաժշտաթերապիա

Երաժշտաթերապիան հնարավորություն է տալիս զարգացնելու խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը, ինքնարտահայտման կարողությունը, շարժողական հմտությունները, շտկելու էմոցիոնալ խնդիրները, թուլացնելու ագրեսիան և լարվածությունը, զարգացնելու ուշադրությունն ու  հիշողությունը։