«Ուիգմոր Քլինիքը» ժամանակակից բժշկական կենտրոն

«Քայլենք միասին». Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոնի և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համագործակցության մասին. «Ուիգմոր Քլինիքը»-ը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են ինչպես հիվանդանոցային այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ մեծահասակների և մանկական օրթոպեդիայի, սպորտային բժշկության, ողնաշարի վիրաբուժության, վերականգնողական բուժման և բազում այլ ոլորտներում: Ի սկզբանե, նպատակ ունենալով Հայաստանը դարձնել օրթոպեդիայի, ողնաշարի վիրաբուժության և սպորտային վնասվածքաբանության արդիական կենտրոն՝ 2015 թվականին ստեղծվեց այս կենտրոնը` Միացյալ Թագավորությունում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության հիմնադիր տնօրեն Բեդո Եղիայանի, ինչպես նաև մի խումբ այլ սփյուռքահայ բժիշկների կողմից: Սա տարածաշրջանում եզակի կառուցվածքային և գործիքային կազմ ունեցող հիվանդանոց է, քանի որ հաջողվել էր դեռևս 2017 թվականին Հայաստանում ստեղծել քայլվածքի կլինիկական հետազոտման լաբորատորիա, որի գործունեության շնորհիվ հենաշարժիչ ապարատի ֆունկցիոնալ թերությունները կարողանում են դարձնել չափելի և հիվանդի մոտ եղած պաթոլոգիաները օբյեկտիվ։ Կենտրոնի կարգախոսն է՝ «Քայլենք միասին», ինչը նշանակում է ոչ միայն օգնել հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող մարդկանց ավելի ակտիվ լինել, այլև խրախուսել մի շարք բարեգործական կազմակերպություններին, միջազգային հեղինակություն ունեցող բժիշկներին միանալ նրանց և առաջ քայլել դեպի Հայաստանում լավագույն օրթոպեդիկ ծառայություն ձևավորելու նպատակը: Այս նպատակի իրագործումը, յուրատեսակ առաքելությունը, որը նաև «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն է դավանում 2019 թվականից միավորեց ու երկու կազմակերպություններին միասին քայլելու ճանապարհի հիմքը դրեց։ Բազմակողմանի և շատ կարևոր համագործակցության մեկնարկն արդեն իսկ խոստումնալից էր. Ուիգմորի առաջատար մասնագետները իրենց՝ Մարտունի այցի ժամանակ իրականացրեցին տարիներով ոչ մի տեսակի հետազոտություններ չանցած ոսկեփորիկների բժշկական հետազոտություններ։ Պլանավորվեց երեխաների հետագա բուժումն ու առողջության վերականգնումը` յուրաքանչյուր երեխայի համար մշակելով բուժման անհատական պլան, ցուցաբերելով անհատական մոտեցում։ Այցից անմասն չմնացին տարածաշրջանի մանկաբույժները, Ուիգմորի մանկաբույժները կազմակերպեցին ուսուցողական դասախոսություններ, փորձի փոխանակում Մարտունու շրջանի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։ Արտագնա այցերը կրեցին ոչ միայն շարունակական բնույթ, այլև ընդգրկեցին աշխարհագրությունը։ Անվճար հետազոտությունը կլինիկան իրականացրեց նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ «Ուիգմոր Քլինիք»-ի բշժկական անձնակազմը հետազոտեց թվով 53 երեխա։ Հետազոտությանն իր կարևոր ներդրումն իրականացրեց Եղեգնաձորի բժշկական կենտրոնը՝ տրամադրելով կենտրոնի ռենգենի սարքավորումներն ու անձնակազմը։ Չսահամանափկվելով սրանով քայլքի առաջին հետազոտությունները շարունակվեցին Երևանում։ Երեխաների համար իրականացվեցին ամբողջական ախտորոշիչ հետազոտություն՝ նրանց ֆիզիկական վիճակի ամբողջական որոշման և ֆիզիկական հաշմանդամության ուղղման վիրահատության տեսակն ու ծավալը որոշելու համար և ինչը որ աննախադեպ էր բոլորիս համար կատարվեց առաջին վիրահատությունը։ Բժիշկների հոգատարությունը, պատասխանատվությունը, զգոնությունը ու հետևողականությունը տվեցին իրենց պտուղները։ Շուրջ երեք տարվա առողջ համագործակցության արդյունքում մեկ գաղափարի շուրջ միավորված երկու կազմակերպություններին հաջողվել է թվով 330 հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար իրականացնել անվճար բժշկական հետազոտություններ, որի հետևանքով իրականացվել է 23 քայլքի հետազոտություն և 18 վիրահատություն։ Բարդ վիրահատություն, նախավիրահատական, հետվիրահատական և վերականգնողական շրջան, բալիկների առողջական խնդիրների լուծման ընթացքն ու զարգացումը տեղի չէին ունենա, եթե իհարկե չլինեին ծնողների վստահությունը, ուժը, պատրաստակամությունը, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի նվիրյալ աշխատանքը և հատկապես Ուիգմոր Քլինիքի անձնակազմի ջերմությունն ու բարձր մասնագիտական աջակցությունը, մշտապես մեր կողքին լինելը, բժշկական նորագույն սարքավորումներով ու բուժման գործընթացով մեզ ապահովելը։ Սա համագործակցություն է, որը լուսավորում է երեխաների մանկությունը, երեխաներին ու նրանց ծնողներին տալիս ապահովության զգացում ու ևս մեկ քայլով ինտեգրում հասարակությանը։