Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն շարժական տոն է և տարբեր տարիների նշվում է տարբեր օրերի՝ գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրվանից՝ մարտի 21-ից մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում:
 
Այս տարի տոնը նշվեց ապրիլի 9-ին: Այն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որ կոչվում է Զատիկ՝ զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
 
«Արտիսիմո» ՀԿ-ն, կարևորելով հայկական ավանդույթների պահպանումը, տոների խորհուրդը, ծիսակատարությունները երեխաներին ներկայացնելն ու սովորեցնելը, նույնպես նշեց Զատկի տոնը՝ իրականացնելով հետաքրքիր «Արվեստանոց»։
Ապրիլի 11-ին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի սաների համար կազմակերպվել էր գեղեցիկ, ավանդական միջոցառում։ Միջոցառման առանցքում տոնի գլխավոր արարողություններից մեկն էր հավկիթախաղը, կենտրոնի սաներն ու իրենց մայրիկները ձվերով «կռվեցին»։ Խաղի նպատակը ձվով մրցակցի ձվին հարվածելով այն կոտրելը և սեփական ձուն ամբողջական պահելն է: Հաղթում է նա, ում ձուն խաղի վերջում ամբողջական է մնում:
 
Սաները իրենց ձեռքերով պատրաստեցին ծի­սական տիկ­նիկ՝ Ուտիս տատիկին։ Զատիկին նախորդող գիշերը նա գա­լիս է շե­րեփը ձեռ­քին՝ կոչ անե­լու ամենքին լիու­լի ու­րա­խանալ ու կե­րու­խում անել, քշում է Ակլատիսին ու ապահովում ուրախությունն ու սեղանի լիությունը։
 
Տոնն իսկապես ստացված էր, էմոցիաներն աննկարագրելի․ երեխաները զատկական երգեր երգեցին ու ոտանավորներ արտասանեցին։