Րաֆֆի Սարգսյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 21-ին, Վայոց Ձոր մարզի Եղեգիս գյուղում։ Ի ծնե երեխան ունեցել է հենաշարժողական համակարգի խնդիր։ Երեք անգամ բարեհաջող վիրահատվել է, ստացել վերականգնողական բուժում` ֆիզիոթերապիա, Երևանում։ Բուժման նպատակով ամեն անգամ Երևան գնալը բարդ էր, ուստի Եղեգնաձորում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնաճյուղի բացվելուց հետո Րաֆֆին սկսեց հաճախել «Ոսկեփորիկ»։ Այսպես երեխայի համար բուժման գործընթացը դարձավ ավելի հասանելի, ավելի ինտենսիվ սկսեց զբաղվել, ինչն էլ իր առաջընթացի գրավականը դարձավ։
 
Սկզբնական շրջանում երեխան քայլել է ետնաքայլակով, այժմ արդեն՝ ձեռնափայտով։ Ինչպես անձամբ նշում է Րաֆֆին՝ բոլորը նկատում են, թե ինչքան փոփոխություն կա իր մեջ։
 
«Ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում ամբողջ անձնակազմին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ շատ սիրելի ընկեր Հայկին, ով ինձ ոգեշնչելով հասցրել է այդ աստիճանին»,- ընդգծում է նա։
 
Րաֆֆին շատ երազանքներ ունի, բայց առաջին հերթին երազում է ազատ քայլել։
 
«Երազում եմ դերասան դառնալ։ Շատ մեծ ցանկություն ունեմ գնալ Երևան ու զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ»։
Ուրախ ենք մասնակիցը լինելու Րաֆֆիի ամեն ձեռքբերմանը, գրանցած անձնական փոփոխությանն ու առաջմղմանը։