Մարտի 10-ին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում կայացավ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ կողմից կազմակերպված ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրազեկման դասընթացի շարքը։ Այն անցկացվում է Հայաստանի 9 համայնքներում:
 
Նպատակն է՝ հանրության լայն շրջանին ներկայացնել կանանց մասնակցության կարևորությունը՝ հակամարտության կարգավորման, խաղաղության կառուցման և պահպանման գործում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացներին:
 
Քննարկման առանցքում էր կանանց` միջազգային փաստաթղթերում ամրագրված հնարավորությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության հաստատման ու ամրապնդման գործում կանանց կարևոր դերակատարման հարցը:
 
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին 1325 բանաձևի հինգ հիմնական ուղղությունները՝ կանխարգելում, պաշտպանություն, մասնակցություն, օժանդակություն ու վերականգնում և մշտադիտարկում:
 
Ընդգծվեց, որ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ Հայաստանի Հանրապետության համար հատկապես կարևորվում է հակամարտության ցիկլի բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարության ապահովումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած կանանց պաշտպանությունն ու նրանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը:
 
Նշվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար:
 
Դասընթացն ինֆորմացիոն առումով հագեցած անցավ։ Մասնակիցները ձեռք բերեցին համակողմանի պատկերացում 1325 բանաձևի դրույթների մասին, առավել լայն պատկերացում կազմեցին կանանց դերի ու առկա լայն հնարավորությունների մասին։
 
Շնորհակալ ենք թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին արդյունավետ դասընթացի, քննարկման, նոր գիտելիքների համար։
 
«Արտիսիմո» ՀԿ-ն մշտապես կանանց կողքին է՝ ցանկացած նախաձեռնության կյանքի կոչման, իրավունքների ու լիազորությունների մեկնաբանման ու իրազեկման մասով՝ իր ունեցած հնարավորությունների չափով։